Saturday, October 29, 2016

МР-155 կամ իմ «Իսկանդերը»

Մի քանի ամիս առաջ զգացի, որ ծրագրավորումն ու գրականությունն ինձ այլևս չեն հետաքրքրում, և խելքիս փչեց ձեռք բերել․․․ հրացան։ Համարելով ինձ զենքերից քիչ թե շատ հասկացող մարդ, սկսեցի քչփորել ինտերնետում, տեսնելու համար, թե ինչպիսի քաղաքացիական զենքեր են օգտագործում զենքի սիրահարները։ Ընտրությունս կանգ առավ Սիմոնովի ինքնալիցքավորվող կարաբինին (СКС ― Самозарядный карабин Симонова)․
Էլեգանտ, գեղեցիկ, հզոր մի գործիք, բայց․․․ ցավոք, «Զենքի մասին» օրենքը պահանջում է ունենալ զենքի օգտագործման նվազագույնը հինգ տարվա փորձ՝ ակոսավոր փողով (իսկ ՍԻԿ֊ը այդպիսին է) հրացան ձեռք բերելու և օգտագործելու համար։ Սա չստացվեց, չնայած՝ աչքս մնաց վրան, հատկապես, որ գինը բավականին մատչելի է։

Հաջորդ ընտրությունս կանգ առավ «Բայկալ» ապրանքանիշի ամենապարզ ու ամենաէժան մոդելին՝ МР-18М-М հրացանին։ Սա միափող, միալիցք որսորդական հրացան է (հարթ փողով), որ առանձնանում է իր կառուցվածքի պարզությամբ ու տասնամյակների ընթացքում հաստատված հուսալիությամբ։
Բայց հետո հասկացող մարդիկ խորհուրդ տվեցին, որ կրակելու հմտություններ զարգացնելու և սպորտային հրաձգության համար ավելի լավ է վերցնել նույն МР-18֊ի «Սպորտինգ» մոդիֆիկացիան։ «Սպորտինգ»֊ը մի քանի լրացումների ունի․ նշանոցային լայն ձող, փողաբերանի փոխվող նեղացումներ, փողի վրա անցքեր՝ հետահարվածը թուլացնելու համար և այլն։
Բայց իմ իմացած խանութներում այս մոդելը չգտա, իսկ «ձեռի վրայից» չեմ ուզում առնել։ Կարճ ասած՝ սա էլ չստացվեց։

Շարունակելով որոնումներս ու ծանոթ-բարեկամներիս հարցուփորձ անելը՝ հանդիպեցի նույն «Բայկալ» ապրանքանիշի մի շատ գեղեցիկ ներկայացուցչի՝ կիսաավտոմատ (ինքնալիցքավորվող) МР-155-ին։
Գինը... ընդունելի է, կառուցվածքի (մեխանիզմի) պարզությունն ինձ դուր եկավ․ որոշեցի սա գնել։

Ասպար խանութին ներկայացրեցի պահանջվող փաստաթղթերն ու երկու օր հետո կանչեցին գործիքը վերցնելու։ Լավ ձևավորված ստվարաթղթե տուփը տեսնելով՝ մտածեցի, թե խաղալիք հրացան է։ Տուփում հրացանն է՝ առանձնացված փողով, փողաբերանի փոխվող նեղացումներն են՝ երկու հատ (երրորդը փողի վրա է), Գազամխոցի կարգավորման բանալին է և հրացանի օգտագործողի ձեռնարկը։ (Բոլոր մասերը պատված են կոնսերվացիոն յուղով։ Դա պետք է մաքրել ու նորից յուղել արդեն որպես սովորական զենք։) Առաջին տպավորությունը շատ լավն է․ թեթև է, հարմար է, ընկուզենու փայտից պատրաստված կոթն ու փողակալը շատ գեղեցիկ են։ Միանգամից ցանկություն առաջացավ նրան հատուկ անուն տալ, ու վերջին օրերի տպավորությամբ նրան անվանեցի «Իսկանդեր»։

Հաջորդ անգամ՝ առաջին կրակոցների մասին։

* * *

30.10.2016: Հրացանը վերցնելիս խանութից գնել էի նաև 12 տրամաչափի մեկական տուփ փամփուշտեր՝ 7 և 4 համարի կոտորակներով (Record մակնիշի)։ Մի քանի հատ կրակեցի առանց թիրախի, առանց նշան բռնելու՝ պարզապես գործիքի բնույթը հասկանալու համար։ Լավն է. բալանսավորված, հետհարվածը չափավոր է, կոմֆորտային, արձակած ձայնը շատ կոպիտ չէ։