Saturday, March 12, 2016

Գրքեր Lisp լեզվի մասին

Վերջին մի քանի տարիներին ես ակտիվորեն ուսումնասիրում եմ Lisp լեզուն, հատկապես նրա Common Lisp և Scheme տարատեսակները։ Եվ այդ ժամանակի ընթացքում հասցրել եմ ուսումնասիրել ավելի քան հարյուր գրքեր ու հոդվածներ՝ սկսած John McCarthy֊ի առաջին հոդվածից, վերջացրած Common Lisp֊ի ստանդարտով ու արհեստական բանականության մասին մենագրություններով։ Սակայն ես ուզում եմ այդ գրքերից առանձնացնել քանիսը, որոնք հատկապես կարևոր են Lisp լեզվի ուսումնասիրությունը սկսելու համար։

1. Practical Common Lisp, Peter Seibel ― հրաշալի գիրք է, գրված կենդանի լեզվով, առանց ավելորդ ճոռոմաբանությունների։ Բավականին շատ օրինակներով, որոնք բացահայտում են լեզվի բազմաթիվ հնարավարությունները և դրանց կիրառման առանձնահատկությունները։ Ազատ հասանելի է։ Մի քանի տարի առաջ թարգմանվել է նաև ռուսերեն՝ Практическое использование Common Lisp վերնագրով։

2. ANSI Common Lisp, Paul Graham ― Գրքի նախաբանում ասվում է, որ այն նախատեսված է Լիսպ լեզուն արագ ու հիմնավոր սովորելու համար։ Գրքի առաջին մասում մանրամասնորեն նկարագրվում են Լիսպ լեզվի հնարավորությունները, իսկ երկրորդ մասում՝ թվարկված և համառոտ նկարագրված է Common Lisp ստանդարտը։ Հեղինակը ՏՏ աշխարհի թերևս ամենահաջողակ մարդկանցից մեկն է։ Գիրքը նույն վերնագրով թարգմանված է ռուսերեն։

3. Common Lisp: the Language, 2nd ed., Guy Steel Jr. ― Այս գիրքը հենց Common Lisp ստանդարտն է։ Դրա ավելի քան 1000 էջերում մանրամասնորեն ու սպառիչ նկարագրված է լեզվի յուրաքանչյուր բաղադրիչ։ Լիսպ լեզվով աշխատելիս շատ օգտակար է մշտապես ձեռքի տակ ունենալ այս գիրքը։ Թարգմանված է ռուսերեն, սակայն հրատարակված չէ թղթի տարբերակով։ Common lisp: the Language գրքի և Common Lisp ստանդարտի հիման վրա պատրաստված է Common Lisp HyperSpec֊ը

4. Land of Lisp, Conrad Barski ― գծանկարներով ու ծաղրանկարներով հարուստ այս գրքում տարատեսակ խաղեր ծրագրավորելու օգնությամբ ու բավականին սրամիտ լեզվով պատմվում է Common Lisp լեզվի մասին։ Շատ հետաքրքիր գիրք է, հատկապես սկսնակների համար։

5. Common Lisp Recipes, Edmund Weitz ― Նոր եմ գտել այս գիրքը, դեռ չեմ հասցրել կարդալ։ Բայց բովանդակության մեջ քննարկված թեմաներից երևում է, որ շատ օգտակար ու հետաքրքիր նյութ է պարունակում։

Սկսելու համար թերևս այսքանը։

No comments:

Post a Comment